ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ

Posted by: | Posted on: Հունվարի 23, 2017

     Կրթությունը  ամենահզոր  զենքն  է,  որը  դու  կարող  ես  օգտագործել  աշխարհը  փոխելու  համար: Կրթության  դերի  և  նշանակության  մասին  շարունակում  են  խոսել  բոլոր  նրանք,  ովքեր  գիտակցում  են  կրթության  կարևորագույն  դերը:

      Դպրոցը  վիթխարի  ուժ  է,  որը  վճռում  է  ժողովուրդների  և  պետությունների  ճակատագիրը:  Ահա  գաղափարական  այս  սկզբունքով  ու  գիտակցումով  է ուղղորդվել  և  աշխատել  Հրազդանի  թիվ  2  հիմնական  դպրոցի  ուսուցչական  կոլեկտիվը:

      Շուրջ  մեկ  դար  մեր  կրթօջախը  լծվել  է  սերնդակրթության  դժվարին  առաքելությանը  և  օր  օրի  տքնաջան  նվիրումով  կերտել  իր  տարեգրությունը:  Իր  փառավոր  անցյալով,  մեկդարյա  հարուստ  պատմությամբ,  այսօրվա  ձեռքբերումներով  և  իր  կերտած  անցյալի  հանդեպ  իմաստուն  ակնածանքով  մանկավարժական  կոլեկտիվը  իրագործում  է  իր  նվիրյալ  առաքելությունը:

     Իր   որդեգրած  գաղափարների  հիմքում  կրթօջախը  ամրագրել  է  նպատակներ, որոնք  ազգային  դպրոցի  հենասյուներն  են:  ՈՒնկնդիր  լինելով  դարերի  ձայնին ՝  մեր  դպրոցը  յուրօրինակ  կամուրջ  է  անցյալի  և  ներկայի  ուսանելի  արժեքների  միջև:

       Պատմության  ընթացքում  դպրոցը  մեծ  թռիչք  է  կատարել՝  մայրենիի  ուսուցումից  մինչև  ռուսաց  և  օտար  լեզուների  ուսուցում,  պարզ  մաթեմատիկական  գործողություններից  մինչև  հաշվիչ  մեքենաների  բարդ  տեխնոլոգիաների  տիրապետում,  դասագրքից  մինչև  համացանց,  աղքատիկ  գրադարանից  մինչև  ժամանակակից  էլեկտրոնային  գրադարան:

       Մանկավարժական  կոլեկտիվի  արգասաբեր  աշխատանքի  արդյունքում  դպրոցը  տվել  է  շատ  ու  շատ  նշանավոր  դեմքեր  ու  անուններ,  որոնք  հասարակական  կյանքի,  գիտության  և  մշակույթի,  արվեստի  հոլովույթներում  իրենց  մեծ  ավանդն  ունեն:

Դպրոցի տնօրեն՝  Սուսաննա  Ալեքսանյան